Սիլվիո Բեռլուսկոնիի կոալիցիան ու «5 աստղ» պոպուլիստական շարժումն ամենաշատ ձայներն են ստացել Իտալիայի խորհրդարանական ընտրություններում: Բայց այդ ձայները մեծամասնություն ձևավորելուն չեն բավարարում` ընտրողները պատժեցին ձախկենտրոնամետ կառավարությանը` ինչպես ամբողջ Եվրոպայում: Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կոալիցիան մրցակիցներից շատ ձայներ ունի, սակայն կառավարություն կազմավորելու համար նրա ձայները չեն բավարարում: Առավոտյան 7-ին արդեն հաշվվել էր ձայների կեսը` հակամիգրանտական լիգան, որ ԵՄ-ին դեմ է, հավաքել է 18 %, Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիան»` 14 %, որ նրանց կոալիցիային հանրագումարում տալիս է 268 մանդատ: Խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն կազմելու համար պետք է 316 մանդատ: Կոալիցիան, որի մաս են նաև ծայրահեղ աջ «Իտալիայի եղբայրները», կամ երկար ու բարդ բանակցություններ պիտի վարի մյուս կուսակցությունների հետ կառավարություն կազմելու համար, կամ կլինեն արտահերթ ընտրություններ:
Բեռլուսկոնին, որ արդեն 81 տարեկան է, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին հարկերից խուսափելու մեղադրանքով դատվածության պատճառով, սակայն համարվում է կոալիցիայի ստվերային գաղափարախոս ու ղեկավար, որ վախեցնում է իտալացի եվրոպամետ վերլուծաբաններին: «Մարտի 4-ի ընտրությունները բերեցին արդյունք, որից Եվրոպան վախենում էր, իսկ Իտալիան չէր սպասում: Համենայն դեպս` այդ մասշտաբով,- գրել է La Stampa-ն:- Եվրոպայի մյուս երկրներում տանուլ տված պոպուլիզմը Իտալիայում հաղթեց: Հիմա նրանք կամ կկառավարեն երկիրը, կամ կարգելակեն ամբողջ համակարգը»:
Ծայրահեղ աջերի ու պոպուլիստների կոալիցիայի հաջողությունն արդեն համեմատում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու և Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու հետ: Երկրորդ տեղում «5 աստղ» շարժումն է, որի կարգախոսները մոտ են Բեռլուսկոնիի կոալիցիային` ԵՄ պաշտոնյաների, հարուստ էլիտաների, միգրացիայի դեմ: 8 տարի առաջ երգիծաբանի կատակով հիմնված շարժումը նշանակալից թռիչք է կատարել` ստանալով 220 մանդատ, որ կուսակցությունների մեջ ամենաբարձր արդյունքն է: Վարչապետ Մատեո Ռենցիի ձախկենտրոնամետ դեմոկրատական կուսակցությունը 120 մանդատ է ստացել: Պարտության պատճառներից մեկը տնտեսագետները համարում են գործազրկության աճը: Ելնելով «Առաջ, Իտալիայի» ոչ այդքան բարձր արդյունքից` որոշ թերթեր Բեռլուսկոնիին ևս այս ընտրությունների անհաջողակ են անվանում:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի ուշ գիշերին: Ընտրողները պատժեցին Իտալիայի ձախկենտրոնամետ կուսակցությանը այնպես, ինչպես վերջերս պատժեցին ձախկենտրոնամետներին ամբողջ Եվրոպայում: Հնարավոր է և տեսականորեն վատագույն մղձավանջը ԵՄ-ի համար` «5 աստղի» եվրասկեպտիկ-պոպուլիստների և Լիգայի կոալիցիան: «Լիգայի» 44-ամյա նախագահ Մատեո Սալվինին ընտրողներին խոստացել է հաղթանակի դեպքում երկրից արտաքսել հարյուր հազարավոր միգրանտներին ու «իսլամական վտանգի» առաջ պատնեշ դնել: Աջ քաղաքական գործիչները հաղթում են նաև Սենատի ընտրություններում:
BBC
Հ.Գ. Իտալացիները ելքը կգտնեն: Չգտնեն` նոր ընտրություններ կանեն: Թեկուզ` նույն արդյունքները ստանալու համար: Ի վերջո` ինչի՞ մեջ են աջերին մեղադրում, որ դեմ են երկիրը ողողած մուսուլմանների՞ն: Որ ահաբեկչություններ չե՞ն ուզում: Թե՞ աշխատանք են ուզում: Իսկ Բրյուսելը գիտի՞` այդ հարցերն ինչպես լուծել: Թե՞ հույսը Մերկելի վերընտրությունն է ու Գերմանիայի լայն բացված գիրկը միգրանտների առաջ: Անցյալ սեպտեմբերից մինչև հիմա Գերմանիան չի կարողանում կառավարություն կազմել հենց այդ խնդիրների պատճառով` հազիվ թե Մերկելը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, շարունակի նույն քաղաքականությունը: Վաղուց ժամանակն է` միգրանտներ ընդունելու ու բաշխելու փոխարեն Բրյուսելում մտածեն միգրացիան կանխելու մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ